Այսօր՝ 24.04.2017

Քոբայր

Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է, որի պատմությունը սերտորեն կապվում է հայկական միջնադարյան նշանավոր ֆեոդալական տների` Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի եւ Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների գործունեության հետ: Մատենագրական հիշատակություններից երեւում է, որ Քոբայրը որպես մենաստան XIII դարի կեսերին արդեն կազմավորված ու հռչակված է եղել:

Անվան ծագումը կապվում է այր /վրաց. քոբ/ բառի հետ:

Ժայռեղեն խոր կիրճի գեղանկար բնության հետ հուշարձանների ներդաշնակ զուգակցումը վանքի համայնապատկերը դարձնում է բացառիկ տպավորիչ: Հուշարձանախմբի արեւմտյան մասում կախված է մոտ 150մ բարձրությամբ ուղղաձիգ ժայռ, որից հորդող ջրվեժի շիթերը միալար նվագով լրացնում են ներշնչող բնապատկերը:
Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով, քարի մշակման եւ հարդարման բարձր մակարդակով, միջնադարյան հայ մոնումենտալ գեղանկարչության պսակը կազմող որմնանկարներով: Այն միջնադարի կարեւոր գրչօջախներից եւ մշակութային կենտրոններից մեկն էր, որի հետ է կապվում XII դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը: Պատերի հայերեն եւ վրացերեն մեծ թվով արձանագրություններն արժեքավոր վավերագրեր են հուշարձանների կառուցման, ժամանակագրման, միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և այլ խնդիրներին վերաբերող: Հուշարձանախումբը կարեւոր է հայ-վրացական մշակութային կապերի, եկեղեցական շենքերի հորինվածքում դավանանքի պահանջների դրսեւորման տեսակետից:

XII դարի կեսերին Քոբայրը Կյուրիկյաններից արդեն անցել էր Զաքարյաններին` միաբնակ հաստատությունից վերածվելով քաղկեդոնականի /վրացադավան/: Դրանով է պայմանավորված հուշարձանների մի մասի վրա վրացերեն արձանագրությունների, վրացաոճության եզրեր ունեցող հարդարանքի տարրերի առկայությունը:

Հուշարձանի փոքր մասն է, որ շատ թե քիչ ամբողջական տեսք ունի. Գերակշիռ մասից պահպանվել են միայն պատերը /ողջ բարձրությամբ կամ մասնակիորեն/:

Քոբայրում են թաղված Զաքարե ամիրսպասալարի որդի Շահնշահը, վերջինիս որդիներ` Գիորգին, Մխարգրձելը, հոգեւոր եւ աշխարհիկ նշանավոր գործիչներ:

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: