Այսօր՝ 25.03.2017

Օձուն

Օձունի եկեղեցին համարվում է 1-ին դարի քրիստոնեական սրբավայր: Ավանդույթի համաձայն՝ 1-ին դարում Թովմաս առաքյալը եկել է Օձուն եւ եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների: Օձուն անունն էլ ստացել է հենց «օծել» բառից: Թովմաս առաքյալն իր հետ բերել է Քրիստոսի բարուրաշորը, որը թաղված է ներկայիս եկեղեցու խորանի տակ:

Այս մասին 6-րդ դարի արձանագրություն է պահպանվել եկեղեցու հարավային դռան վերեւում: Եկեղեցու տեղում, դեռ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ 3-րդ թագավորը կառուցել են միանավ-բազիլիկ, առանց գմբեթի մի եկեղեցի, որը 5-րդ դարում քանդվել է երկրաշարժից եւ միայն հետո` 6-րդ դարում է կառուցվել ներկայիս եկեղեցին: Հետագայում Քրիստոսի բարուրաշորի առկայության մասին թերեւս կասկածել են ինչ-որ պահի եւ տեղահանել են խորանի քարերից մեկը, եւ հավանաբար համոզվելով ավանդույթի իսկության մեջ` անցքը վերանորոգել են երեք խոշոր քարերով: Այս եկեղեցում պահպանվել են 4-րդ դարի 20-ից ավելի քանդակները, որոնք համաշխարհային արժեք ունեն:

6-րդ դարի կառույց Օձունի եկեղեցու կղմինդրե խարխուլ տանիքը 19-րդ դարում վերանորոգել է Աբովյան գերդաստանը` փոխելով տուֆից տանիքի: Հիմնանորոգման որեւէ այլ փորձ այս եկեղեցին չի տեսել: Դեռ խորհրդային տարիներին եկեղեցին դասվել է վթարային շինությունների շարքին եւ 1980-ականներին սկսել են հիմնանորոգման աշխատանքները: Այս նպատակով քանդվել են հյուսիսային կամարաշարի երեք սյուները, ամրացման համար բացվել են հիմքեր, խախտվել է եկեղեցու բակում տեղադրված գերեզմանաքարերի 30 տոկոսն ու խորհրդային ժամանակաշրջանի ավարտի հետ էլ դադարեցվել են աշխատանքները:

Օձունի եկեղեցին գետնանցումով նախկինում կապվել է Ծիրանավոր եկեղեցու հետ, որը կառուցված է հենց քարափի գլխին: Ստորգետնյա այս ճանապարհը հիմա էլ կա, սակայն մուտքի աստիճանավանդակները լցվել են հողով:

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: