Այսօր՝ 25.03.2017

Սանահինի կամուրջ

Սանահինի կամուրջը միջնադարյան Հայաստանի նշանավոր ինժեներական կառույց է Ալավերդի քաղաքում, Դեբեդ գետի վրա: Ինչպես ասում են, այն ամենալավ պահպանվածն է հների մեջ եւ ամենամեծ թռիչք ունեցողն է պահպանվածների մեջ: Կամրջի ձախակողմյան ծայրին երբեմնի գտնվող խաչքարի հակառակ երեսի արձանագրության համաձայն կամուրջը XII դարի վերջին տասնամյակում կառուցել է տվել Զաքարե եւ Իվանե  եղբայրների քույր Վանենի թագուհին իր ամուսնու` վաղամեռ Կյուրիկյան Աբաս թագավորի հիշատակին: Տեղադրված է Դեբեդ գետի հունի նեղ եւ նպաստավոր ափեր ունեցող հատվածում:

Այն ունի միաթռիչք կիսաշրջանաձեւ կամար` 18,6մ բացվածքով, եզերված փոքր ինչ առաջ ընկած զույգ կամարագոտիներով: Միանգամայն բնական է եւ իմաստավորված կամրջի միաթռիչք լինելը. կառուցելով լեռնային սրընթաց եւ բուռն ռեժիմ ունեցող գետի վրա, շինարարները հեռատեսորեն խուսափել են միջանկյալ հենարաններից: Կամարի աջ կրունկն զգալիորեն բարձր է ձախից եւ նստած է գետի հունի վրա` ուղղաձիգ կախված բազալտե ամրակուռ ժայռին, որով մի կողմից զերծ է մնում հեղեղումներից, մյուս կողմից քարային աշխատանքի ծավալը հասցված է նվազագույնի: Սանահինի կամուրջը Ձախակողմյան ցածր մակարդակից դեպի ընդհանուր հորիզոնական մակարդակ անցումը կատարված է աստիճանների միջոցով: Միջին մասի եզրապատերի չորս անկյուններում, որպես պահպանիչ խորհրդանշաններ, քարի մեջ ընկղմված կեցվածքով պատկերված են մեկական առյուծներ:

Բազալտակուռ կամուրջն իր ակնահաճո ուրվագծով, հորինվածքային ձեւերով, քարատեսակով ու գույնով ձուլվում է գեղատեսիլ միջավայրին` կազմելով նրա անքակտելի զարդը:

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: