Այսօր՝ 24.04.2017

Պատմաճարտարապետական տեղեկություններ

Ալավերդին և նրա շրջակայքը հարուստ են պատմաճարտարապետական հուշարձաններով: Դրանց մեջ առանձնանում են լայն ճանաչում գտած և համընդհանուր գնահատականի արժանացած խոշորագույն Սանահինի վանքային համալիրը և քարե կամուրջը:
Սանահինի վանքային համալիրը հայ միջնադարյան ճարտարապետական աչքի ընկնող համակառույցներից մեկն է և նշանակալից դեր է կատարել հայ հոգևոր և մշակութային կյանքում: Սանահինի վանքը հիմնադրվել է քաղկեդոնական դավանանքը մերժելու համար` բյուզանդական Ռոմանոս I կայսեր կողմից հալածական մի խումբ հայ կրոնավորների կողմից /10 դարի առաջին կեսին/:
Հայկական սկզբնաղբյուրներում Սանահինը հիշատակվում է 9-րդ դարից: Այս ճարտարապետական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Ամենափրկիչ, Սուրբ Գրիգոր և Սուրբ Հարություն եկեղեցիներից: Եվ կառուցվել է այն տեղում, ուր, ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում խաչ է կանգնեցրել: Սանահինի վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների և թալանի: Հուշարձանները կողոպտվել են սելջուկների /1064թ./, պարսկական /1104թ./ հրոսակախմբերի կողմից: Դրանք մեծ չափով տուժել են նաև տարերային աղետներից, հատկապես 1139թ. Երկրաշարժից: Սանահինի վանքում հայ դպրության գործին իրենց հարուստ գիտելիքներն են ի սպաս դրել մշակութային և կրոնական նշանավոր գործիչներ` Դիոսկորոս կաթողիկոսը, Անանիա, Հակոբ և Հովհաննես Սանահնեցիները, Գրիգոր Տուտեորդին, ենթադրվում է նաև մեծ փիլիսոփա և աստվածաբան Գրիգոր Մագիստրոս Պահլավունին: Հոգևոր դպրոցի սաներից է եղել մեծ երգիչ Սայաթ-Նովան:
Լոռվա տարածքում սփռված մի քանի տասնյակաի հասնող միջնադարյան կամուրջների պսակը, նաև միջնադարյան Հայաստանի նշանակալից ինժեներական կառույցներից մեկը Սանահինի կամուրջն է: Ինչպես ասում են, այն ամենալավ պահպանվածն է հների մեջ և ամենամեծ թռիչք ունեցողն է պահպանվածների մեջ:
Կամրջի ձախակողմյան ծայրին երբեմնի գտնվող խաչքարի հակառակ երեսի արձանագրության համաձայն, կամուրջը 12-րդ դարի վերջին տասնամյակում կառուցել է տվել Զաքարե և Իվանե Ամիրսպասալար եղբայրների քույր` Վանենի թագուհին, իր վաղամեռիկ ամուսնու` Կյուրիկյան Աբաս թագավորի հիշատակին /մահացել է 1192-ին/: Կամուրջը միաթռիչք կամարով է` կառուցված մուգ կապտավուն բազալտե տաշված խոշոր քարերով: Կողերին բարձրացող պատերին կան պառկած առյուծների բարձրաքանդակներ: Կամուրջի մի ծայրը ամրացված է ժայռի, իսկ մյուս ծայրը` ամուր որմի վրա: Այն համարվում է ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Ակադեմիկոս Մառը բարձր է գնահատել կամուրջի ճարտաարապետական նշանակությունը, ինչի մասին 1915թ. գրել է իր ուսումնասիրությունում:
Կամուրջը տեղադրված է Դեբեդ գետի հունի նեղ և նպաստավոր ափեր ունեցող հատվածում: Բազալտակուռ կամուրջն իր ակնահաճո ուրվագծով, հորինվածքային ձևերով, քարատեսակով ու գույնով ձուլվում է գեղատեսիլ միջավայրին` կազմելով նրա անքակտելի մասը:
Իրենից պատմական մեծ արժեք է ներկայացնում նաև Սանահինի աղբյուրը, որի սառնորակ ջուրը բերված է Չաթին լեռան ընդերքից: Կառուցման ժամանակը ենթադրվում է 1255թ., որի համար հիմք է տալիս աղբյուրի պատին փորագրված Մխիթար քահանայի 1255 թվակիր նվիրատվական արձանագրությունը:
Ալավերդու շրջակայքում են գտնվում նաև Հաղպատի, Օձունի, Ախթալայի, Քոբայրի, Սեդվու վանքերը: Սրանք հիմնադրվել են 9-10-րդ դարերում և հանդիսացել են միջնադարյան Հայաստանի հոգևոր մշակույթի նշանավոր կենտրոններ: Վանքերի տապանաքարերի արձանագրությունները կարևոր տեղեկություններ են հաղորդում պատմական իրադարձությունների մասին:
2001 թ. «ACP» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վալերի Մեջլումյանի նախաձեռնությամբ կառուցվեց Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցին, որը հնարավորություն ստեղծեց ալավերդցիների համար մասնակցելու մեր քրիստոնեական ծիսակատարություններին:

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: