Այսօր՝ 24.04.2017

Անաստաս Միկոյան
Անաստաս Հովհաննեսի Միկոյան /13.11.1895 – 21.10.1978թթ./

XX դարի ականավոր պետական, քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ ամենաերկարակյաց քաղաքական գործիչներից մեկն է, ով քաղաքական կարիերան սկսել է Վ. Ի. Լենինի, ավարտել` Լ. Ի. Բրեժնևի օրոք:
Անաստաս Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1895թ. նոյեմբերի 25-ին` Լոռվա Սանահին գյուղում: Նա Սովետական շրջանի հայ ավիակոնստրուկտոր, գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանի եղբայրն է:
20 տարեկանում անդամագրվել է Ռուսական սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը ու դարձել Կովկասյան հեղափոխական շարժման ղեկավարներից մեկը: Բաքվում որպես համախմբագիր աշխատել է «Սոցիալ-Դեմոկրատ» հայալեզու, ապա «Известия Бакинскогo Сoвeтa» ռուսալեզու թերթերում:
1917թ. փետրվարին, երբ տապալվեց ցարիզմը, Միկոյանն ու մի քանի բոլշևիկ կոմիսարներ պայքար են ծավալում Ադրբեջանում, որի հետևանքով ձերբակալվում են ու բանտարկվում: Բանտից ազատվելուց հետո Միկոյանը նշանակվում է որպես Կարմիր բանակի կոմիսար: 1917թ. դարձյալ ձերբակալվում է` այս անգամ արդեն Բաքվի Բրիտանական զորքերի կողմից, բայց նրան հաջողվում է փախչել:
Ընդամենը 26 տարեկանում Միկոյանն արդեն ղեկավարում էր ամբողջ հյուսիս-կովկասյան երկրամասը:
1926-ին Միկոյանը նշանակվում է ներքին ու արտաքին առևտրի կոմիսար և զբաղվում Արևմուտքից սնունդ ներկրելով:
1935 թվականին նշանակվում է ԽՍՀՄ պոլիտբյուրոյի անդամ:
Արդեն 1937 թվականին նա Ժողկոմխորհի նախագահի տեղակալն էր:
Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ նշանակվել է սննդի տեղափոխման ու մատակարարման հարցերի պատասխանատու:
1942 թվականին նշանակվում է պետական պաշտպանության կոմիտեի անդամ, 46թ-ին` ԽՍՀՄ մինիստրների խորհրդի ղեկավարի տեղակալ:Ստալինի մահից հետո Միկոյանը նշանակվում է առեւտրի նախարարի պաշտոնում: Ավելի ուշ զբաղեցրել է ԽՍՀՄ առաջին քարտուղարի տեղակալի պաշտոնը:
Անաստաս Միկոյանը փայլել է իր դիվանագիտական հմտությամբ: Ստալինի մահից հետո նա դիվանագիտական այցելություններ է կատարում Պակիստան, Հնդկաստան, Չինաստան` նպաստելով այդ երկրների ու ԽՍՀՄ-ի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, կարգավորում հարաբերությունները նաև նախագահ Իոսիֆ Բրոզ Տիտոյի հետ, որի հետ Ստալինը լուրջ հակասությունների մեջ էր:
1962 թվականին կուբայական ճգնաժամի օրերին` Միկոյանի դիվանագիտական փայլուն գործողությունների շնորհիվ այդ երկրին հաջողվում է խուսափել համաշխարհային աղետից: Այս առիթով` 60-ականներին ամերիկյան մամուլը Միկոյանին որակեց` «մեր ժամանակների հակաճգնաժամային լավագույն մենեջերը»:
1956 թվականին ՍՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածու Անաստաս Միկոյանը` Երևանի իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ անհրաժեշտ է անհապաղ տպագրել Եղիշե Չարենցի ստեղծագործություններն ու վերականգնել մեծ գրողի փառքը:
1964-65թ.թ. ստանձնել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը:
1965 թվականին, երբ լրանում է Միկոյանի 70 տարին, նա անցնում է վաստակած հանգստի:
Հայ քաղաքական գործիչը մահացել է 1978թ. հոկտեմբերի 21-ին` 82 տարեկան հասակում և թաղվել Ռուսաստանում` Նովոդևիչի գերեզմանոցում:
Որդին`  Ստեփան Միկոյանը եղել է Կարմիր բանակի օդաչու, զոհվել Հայրենական պատերազմի ժամանակ:
Միկոյան եղբայրների ծննդավայրում` Սանահին գյուղում, 1982թ-ից գործում է նրանց անվան թանգարանը:

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: