Այսօր՝ 24.04.2017

Արտեմ Միկոյան
Արտեմ Իվանի Միկոյան /05.08.1905 – 09.12.1970թթ./

1905թ. օգոստոսի 5-ին, Լոռու Սանահին գյուղում, հյուսն Հովհաննես Միկոյանի ընտանիքում ծնվում է հինգերորդ երեխան, որին կնքում են Անուշավան անունով (որը հետագայում վերածվում է Արտյոմի կամ Արտեմի, իսկ հայրանունը` Իվանի): Փոքրիկ Անուշավանը գյուղի դպրոցն ավարտելուց հետո մեկնում է Թիֆլիս և ավարտում նաև տեղի հայկական դպրոցը:
1923թ. մոր հետ տեղափոխվում է ավագ եղբոր` Անաստաս Միկոյանի մոտ` Դոնի Ռոստով, սովորում տեղի ուսումնարանում: Ավարտելուց հետո աշխատանքի է անցնում «Կրասնի Ակսայ» գործարանում` որպես խառատի աշակերտ:  1924թ. երիտասարդ Արտեմը մեկնում է Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ ապրում է Ստ. Շահումյանի այրու` Եկատերինա Սարգիսովայի բնակարանում: Սակայն «Դինամո» գործարանում որպես խառատ աշխատանքի անցնելուց հետո, տեղափոխվում է հանրակացարան:  
1928թ. Արտեմին նշանակում են Մոսկվայի Հոկտեմբերյան շրջանի տրամվայի պարկի կուսկազմակերպության քարտուղար: Նույն թվականին զորակոչվում է բանակ: Սկզբնական շրջանում ծառայում է Օրյոլի մարզի Լիզնի քաղաքի հետևակային զորամասում:  
1929թ. օգոստոսին կարմիր բանակային Ա. Միկոյանին տեղափոխում են Իվանո-Վոզնեսենսկի ռազմական դպրոց (հետագայում` Սովետական առաջին տանկային ուսումնարան), որտեղ նշանակվում է կոմերիտական կազմակերպության քարտուղար:  
1930թ. ավարտելով զինվորական ծառայությունը` նա վերադառնում է կուսակցական աշխատանքի: Նախ նշանակվում է «Կոմպրես» գործարանի կուսկոմիտեի քարտուղար, ապա` Ստալինյան շրջանի շրջկոմի կուսբաժնի հրահանգիչ:
1931թ. առաջավոր կոմերիտականներին ու կոմունիստներին ուղարկում էին օդային նավատորմում և ավիաարդյունաբերությունում աշխատելու: Ուստի երիտասարդ կոմունիստ Արտեմին ուղարկում են Ն. Ժուկովսկու անվ. ռազմաօդային ինժեներական ակադեմիա, որտեղ սովորում է ինժեներական ֆակուլտետում:
1935թ. Ա. Միկոյանը ծանոթանում է ՏԱՍՍ-ի խմբագրության աշխատակցուհի Զոյա Լիսիցինայի հետ, և շուտով նրանք ամուսնանում են:  
1936թ. և 1939թ. ծնվում են Նատաշան և Սվետլանան, իսկ 1949թ.` որդին, որին կնքում են պապի անունով` Հովհաննես:
1936թ. Արտեմ Միկոյանին ուղարկում են Խարկովի ավիացիոն գործարան, որտեղ պետք է անցկացներ նախադիպլոմային գործնական աշխատանքները: Խարկովից վերադառնալուց հետո նա շարունակ մտածում էր ստեղծել մի ինքնաթիռ, որը, թեկուզև փոքր ու «տկար» լիներ, բայց իր նախագծով լիներ, իր ձեռքով կառուցեր: Դա «Օկտյաբրյոնոկն» էր, որը փորձարկվեց 1937թ. նոյեմբերին: Նրա առավելագույն արագությունը հասնում էր 130 կմ/ժ և իր տեսակի մեջ համարվեց լավագույններից մեկը:  
Ակադեմիայում դիպլոմային աշխատանքների թեմաներն ընտրում էին ուսանողները: Արտեմը դիպլոմային աշխատանքների ցուցակից ընտրեց «Թռչող թևը»: 1937թ. հոկտեմբերի 22-ին Ա. Միկոյանը փայլուն պաշտպանում է դիպլոմային նախագիծը: Նրան շնորհվում է ռազմաօդային ուժերի ինժեներ-մեխանիկի կոչում, և աշխատանքի է նշանակվում Ինքնաթիռաշինության թիվ 1 գործարանում` որպես զին- ներկայացուցիչ: Այստեղ մեծ աշխատանքներ էին կատարում ինքնաթիռաշինության մեջ ամենահեղինակավոր կոնստրուկտորներից մեկի` Ն. Պոլիկարպովի կոնստրուկտորական բյուրոյի մասնագետները:  
1939թ. նոյեմբերի վերջերին թիվ 1 գործարանում ստեղծվում է փորձարարական կոնստրուկտորական նոր բյուրո, որի պետ է նշանակվում Արտեմ Միկոյանը, տեղակալ` Մ. Գուրևիչը:  
1939թ. աշխարհում կատարվող իրադարձությունները չէին կարող չմտահոգել խորհրդային երկրի ղեկավարությանը: Հիտլերյան Գերմանիան արդեն գրավել էր Չեխոսլովակիան, զավթել Ֆրանսիան, ջախջախել Լեհաստանը և մոտեցել Խորհրդային Միության սահմաններին: Երկրի ռազմաօդային ուժերի կործանիչներն իրենց թռիչքատեխնիկական որակներով և սպառազինությամբ չէին համապատասխանում ժամանակի պահանջներին:
1939թ. խորհրդային մի շարք ավիագործիչներ գործուղվում են Գերմանիա` ծանոթանալու այդ երկրի ավիացիոն տեխնիկային: Պատվիրակության կազմում էր նաև Արտեմ Միկոյանը: Մոսկվա վերադառնալուց հետո Ստալինը պատվիրակության անդամներից պահանջում է առանց որևէ բան թաքցնելու պատմել տեսածի ու լսածի մասին: Ստալինը երկրի ավիացիան ներկայացնող գործիչներից պահանջում է արագ ստեղծել նոր կործանիչ, որը ոչնչով չզիջի արտասահմանյան, հատկապես` գերմանական օդային նավատորմի նմուշներին: Բոլոր կոնստրուկտորական բյուրոներին հնարավորություն է տրվում ստեղծել նոր կործանիչ, որի տեխնիկական տվյալները (արագություն, բարձրություն, մանևրայնություն, սպառազինություն) պետք է հասներ կամ գերազանցեր արտասահմանյան ինքնաթիռներին: Ընդամենը չորս ամսվա ընթացքում ստեղծվում է նախ ՄԻԳ-1-ը (Միկոյան և Գուրևիչ, 1941), ապա` ՄԻԳ-3-ը, որը անուն ու փառք է բերում նորաստեղծ կոլեկտիվին: ՄԻԳ-երի փորձարկումները ցույց տվեցին այդ ժամանակի համար թռիչքատեխնիկական բարձր բնութագրեր: Պետական հանձնաժողովի որոշմամբ` ՄԻԳ-երը ստացան սերիական արտադրության թույլտվություն: ՄԻԳ-3 ինքնաթիռը այն ժամանակների համար ամենաարագաթիռ և ամենաբարձրահաս կործանիչն էր: Արագությունը հասնում էր 640 կմ/ժ, բարձրությունը` 7-8 կմ: Այդ պատճառով պատերազմի ժամանակ այն հիմնականում օգտագործվեց հակաօդային պաշտպանության համակարգում և վճռորոշ դեր ունեցավ Մոսկվան ու Լենինգրադը պաշտպանելու մարտական գործողություններում:  
Հետագայում մոսկվացիները, հարգելով ՄԻԳ-3-ի մարտական սխրանքները, ինքնաթիռի հիշատակը հավերժացնող հուշարձան կանգնեցրին Օկա գետի ափին, որտեղ պատերազմի ժամանակ գտնվում էր այդ ինքնաթիռների զորագնդերի հենակայանը:  
Ժամանակը ավիացիոն տեխնիկային առաջադրում էր նորանոր խնդիրներ: Անհրաժեշտություն առաջացավ ձայնային և գերձայնային արագություններով ինքնաթիռներ ստեղծել, սակայն այդ խնդիրը հնարավոր չէր լուծել պտուտակավոր շարժիչներով:  
1946թ. երկինք սլացավ ռեակտիվ ՄԻԳ-9-ը, իսկ մեկ տարի անց` ՄԻԳ-15-ը: Այն մի քանի տարի համարվում էր աշխարհի ամենակատարյալ կործանիչը: Ապա 1949-70թթ. ընթացքում միմյանց հաջորդեցին ՄԻԳ-17, ՄԻԳ-19, ՄԻԳ-21, ՄԻԳ-23, ՄԻԳ-25 կործանիչները:  
Ա. Միկոյանի ստեղծած Ե-266 կոնստրուկցիայի ռեակտիվ ինքնաթիռով սահմանվել են մի շարք համաշխարհային ռեկորդներ: Բացի մեծ գիտնական լինելուց` Ա. Միկոյանը եղել է նաև պետական-հասարակական գործիչ: Ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 1950, 1958, 1962, 1966թթ. պատգամավոր, իսկ 1954թ.` ԽՍՀՄ ԳԱ անդամ: Աշխարհահռչակ կոնստրուկտորը արժանացել ԽՍՀՄ պետական մրցանակների (1941, 1947, 1948, 1949, 1952, 1953, 1955), Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման (1956, 1957), Լենինյան մրցանակի (1962): Պարգևատրվել է Լենինի` 6 և 4 այլ շքանշաններով:
1970թ. դեկտեմբերի 9-ին, Մոսկվայում, գիտության, ինքնաթիռաշինության, ավիաարդյունաբերության մեջ թողնելով հիմնարար ներդրումներ և վաստակելով փայլուն գիտնականի, ինժեներ-հետազոտողի, նորարար-կոնստրուկտորի, հոգատար ու պահանջկոտ ղեկավարի, կյանքի սիրով լեցուն, բարի ու ազնվագույն մարդու անուն` Անուշավան (Արտեմ) Հովհաննեսի (Իվանի) Միկոյանը հեռացավ երկրային կյանքից:  
Մարդկությանը մնաց այն, ինչ նա ստեղծել էր, այն, ինչով նա իմաստավորել էր իր և ուրիշների կյանքը: Եթե կարևորն այն է, թե մարդ իրենից հետո ինչ է թողնում, ապա Արտեմ Միկոյանի թողածն ավելին է, քան այն, ինչ գրվել է նրա մասին ընդհանրապես:  
Ավիակոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ճարտարագիտատեխնիկական ծառայության գեներել-գնդապետ, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս Արտեմ Միկոյանի անունով է կոչվել Մոսկվայի ավիացիայի թանգարանը:

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: