Այսօր՝ 24.04.2017

Հովհաննես Թումանյան
Հովհաննես Թադեւոսի Թումանյան /19.02.1869 – 23.03.1923թթ./

Հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թադեւոսի Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր վիճակի պատճառով 1887 թ. ստիպված թողել է դպրոցը և սկսել աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ Թումանյանը սկսել է ստեղծագործել 1880-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը եւ XX դարի սկիզբը։

Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսիք են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892 թ.), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890 թ.), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892 թ.)։ 1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 և 1911) ու բանտ նետվում։ 1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն էր։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։ Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: