Այսօր՝ 25.03.2017

Ընդհանուր տեղեկություններ

Ալավերդի քաղաքի տարածքը բնակեցված է եղել դեռևս շատ հին ժամանակներից: Այդ են վկայում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերված նյութերն ու հուշարձանները: ՈՒսումնասիրություններ ու պեղումներ են կատարել կովկասագետ Նիկողայոս Մառը /1893թ./, հնագետներ Ալեքսանդր Երիցյանը /1971թ./ Ե. Թաղիաշվիլին /1894թ./: Ալավերդում և նրա հարևան բնակավայրերում մեծաքանակ պեղումներ է կատարել պղնձահանքերի լեռնային ինժեներ Ժակ դը Մորգանը: Նրա պեղած դամբարաններում հայտնաբերվել են երկաթե զենքեր, կեռ դանակներ, նիզակի ծայրեր, բրոնզապատ ու զարդանկարված երկաթե դաշույններ: Ենթադրվում է որ դրանք պատկանել են հանքերի մշակությամբ զբաղվող տեղական ցեղերին:
Պեղումների ընթացքում հայտնաբերված նյութերն ապացուցում են, որ Ալավերդում և նրա շրջակայքում մարդկային բնակություն է եղել դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսին, այսինքն բրոնզե դարում:
Պատմական Գուգարքը, որի մեջ էր մտնում այժմյան Ալավերդին, Վրաստանի սահմանագլխին ընկած ամենաընդարձակ նահանգներից մեկն էր. Այն ուներ ինը գավառ:
Գուգարքը հայկական պետությանն է միացել Արտաշես Ա-ի օրոք /189-160 մ.թ.ա./: Դրանից հետո, մինչև Հայաստանի առաջին բաժանումը /387թ./, Գուգարքը մնաց հայկական պետության կազմում, իսկ հետագայում նրա արևմտյան մասը մտավ Վրաստանի կազմի մեջ:
Արաբական տիրապետության ժամանակ, մինչև 9-րդ դարի վերջը, ներկայիս Ալավերդու տարածքը` շրջակա գյուղերով, եղել է Արմենիա վարչական միավորի կազմում: 10-11 դարերում այստեղ իշխել են Կյուրիկյանները: 1118-ին այն Վրաստանին միացրեց Դավիթ Շինարարը: 12-14-րդ դարերում եղել է Զաքարյան Հայաստանի կենտրոնական շրջաններից մեկը: Պղնձահանքերի օգտագործման մասին տեղեկություններ են պահպանվել Կիրակոս Գանձակեցու և Վարդան Պատմիչի աշխատություններում: 13-րդ դարի կեսերից սկսած` Գուգարքը, ինչպես նաև Հայաստանի մյուս նահանգները, ասպատակել են թուրք-սելջուկյան, ապա` մոնղոլ-թաթարական հորդաները:
Վրացական տիրապետությունը, որ պահպանվել էր Լոռիում երկար ընդհատումներով, 19-րդ դարից տեղի տվեց ռուսական տիրապետությանը, որից հետո Լոռին դարձավ արքունական կալվածք: Հարկ է նշել, որ վրացական տիրապետությունը այդ ընթացքում ոչ մի ազդեցություն չունեցավ հայ կյանքի և ազգային արժեքների վրա: Լոռին մնաց զուտ հայկական, հայախոս: Վրացական լեզուն չկարողացավ անգամ համեստ չափերով ներխուժել Լոռվա լեռնային, կորովի ու ջղուտ բարբառների մեջ, անգամ աշխարհագրական անունների մեջ չկան վրացականին բնորոշ ազդեցություններ: Այս ամենը հաստատվում է նաև այն իրողությամբ, որ իրենք` վրացիներն էլ միշտ տարածքն անվանել են Լոռի, իսկ նրա շրջակայքը` Հայաստան:
Միայն 18-րդ դարի երկրորդ կեսերին, երբ սկսեց աշխուժանալ երկրի տնտեսական կյանքը, Վրաստանի Հերակլ 2-րդ թագավորի պահանջով, Ալավերդու հանքերն օգտագործելու համար, Փոքր Ասիայի Գյումուշխանեից հրավիրվեցին հույն հանքագործներ: Թագավորի շնորհած արտոնությունների դիմաց հույները պարտավոր էին նրան հանձնել ստացվող ոսկին: Նրանք 1763 թվականին կառուցեցին Ախթալայի արծաթաձուլական, 1770 թվականին` Ալավերդու պղնձաձուլական գործարանները:
1801 թվականի նոյեմբերին Ալեքսանդր 1-ի հրամանով Վրաստանում ստեղծվում է լեռնային վարչություն, որն էլ 1802 թվականին պայմանագիր է կնքում հույն կապալառուների և Սանահինի իշխանների հետ, որոնց տարածքում էին գտնվում Ալավերդու հանքերն ու գործարանը:
1880-ական թվականներին ուժեղանում է արտասահմանյան և ռուսական կապիտալի ներթափանցումը Հայաստանի, և մասնավորապես` Ալավերդու պղնձարտադրության մեջ:
1887 թվականին գերիշխող դիրք է գրավում ֆրանսիական կապիտալը: Ալավերդում պղնձի արտադրության զարգացումը խթանեց Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղին /1899թ./: Ֆրանսիական ձեռնարկատերերի ջանքերով ծավալվեցին հանքահետախուզական աշխատանքները, բացվեցին նոր հանքահորեր, կառուցվեցին հզոր հնոցներ, հալոցքային վառարաններ, արհեստանոցներ, օժանդակ շինություններ:
1909 թվականին Դեբեդի վրա կառուցած հիդրոէլեկտրակայանն սկսեց էլեկտրաէներգիա մատակարարել Ալավերդու ձեռնարկություններին: Ալավերդում պղնձի արտադրությունը դրվեց արդյունաբերական հիմքի վրա: 1903թ. Հայաստանը տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի մեկ հինգերորդը, որի 67%-ը բաժին էր ընկնում Ալավերդու և շրջակայքի ձեռնարկություններին:
Անգլիական օկուպացիոն զորքերի նախաձեռնությամբ 1919թ. հունվարին ստեղծվեց Լոռու «Չեզոք գոտին», որի մեջ գավառի 41 գյուղերի հետ մտավ նաև Ալավերդու արդյունաբերական շրջանը:
1921թ. փետրվարի 11-ին «Չեզոք գոտու» աշխատավորները ապստամբեցին և Ալավերդում փետրվարի 12-ին հաստատվեց Սովետական իշխանություն: Հատուկ դեկրետով /1921թ. հունվարին/ ազգայնացվում և պետական սեփականություն է դառնում նաև լեռնային հարստությունը:
Նորաստեղծ Խորհրդային միությունը, երկրի զարգացման գործում առանձնահատուկ նշանակություն տալով լեռնահանքային արդյունաբերությանը, ամբողջ ճակատով ձեռնամուխ եղավ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լրիվ քայքայված և գրեթե շարքից դուրս եկած Ալավերդու և Շամլուղի պղնձահանքերի վերականգնմանը: Արտադրության ընդարձակումը իր հետ բերեց բանվորների թվի ավելացում, ընդհանուր առմամբ` բնակչության աննախադեպ աճ: Եթե Խորհրդային իշխանության առաջին տարիներին Ալավերդու գործարանում և հանքերում աշխատում էր 1000 բանվոր, ապա 20-ական թվականների վերջերին այդ թիվը գերազանցեց 1500-ը:
Սովետական իշխանության տարիներին Ալավերդում կատարվել են քաղաքաշինական մեծ աշխատանքներ: 1920-30-ական թվականներին Ալավերդու բանվորական ավանն ընդգրկում էր միայն Մանեսը: Արդյունաբերական զարգացմանը զուգընթաց աճելով` Ալավերդին աստիճանաբար իր շրջագծի մեջ է վերցրել Լենհանքերը /Մադան/, Սանահինը, համանուն երկաթուղային կայարանը` ավանով հանդերձ, Ակները /Որնակ/: Ալավերդու հատակագծման աշխատանքները սկսվել են 1929-30 թվականներին` ճարտարապետ Մազմանյանի ղեկավարությամբ: Այդ հատակագիծը վերահաստատվել է 1946-ին /ճարտարապետ Հ. Իսաբեկյան/: 1959-62 թվականներին կազմվել է Սանահին Սարահարթի կառուցապատման նախագիծը /ճարտարապետ Լ. Չերքեզյան/:
Ալավերդու` որպես բնակավայրի, զարգացումն ու շենացումը ուղղակիորեն կախված է եղել գործարանի ընդլայնումից ու հզորացումից:
Ալավերդու` որպես խոշոր արդյունաբերական կենտրոնի, զարգացման համար կարևոր քայլ եղավ 1938թ. հոկտեմբերի 1-ին ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության` բանվորական ավանը քաղաքների շարքը դասելու վերաբերյալ որոշումը: Իհարկե, մինչև պաշտոնական քաղաք կոչվելն էլ շենքեր ու շինություններ կային` գործարանին հարող տարածությունում ֆրանսիացիների կողմից կառուցված քարաշեն բանվորական կացարաններով: Իսկ ավելի ուշ` 1920-ական թվականների վերջերից սկսած, բնակելի նոր թաղամասի կառուցապատման սկիզբը դրվեց` գործարանից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքում, որը հետագայում անվանվեց «Հայպետշին», ու այսօրվա յուրահատուկ գեղեցկությունը ստացավ հետագա շուրջ 50 տարիների ընթացքում կատարած շինարարական մեծ աշխատանքների շնորհիվ:

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: