Այսօր՝ 24.04.2017

Ալավերդիում մեծ հանդիսավորությամբ ամփոփվեց 23-րդ «Թատերական Լոռին»
14.Հկտ.2016

Հոկտեմբերի 13-ին Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի մշակույթի պալատում հանդիսավորությամբ նշվեց «Թատերական Լոռի» միջազգային 23-րդ փառատոնի փակումը: Փառատոնն այս տարի նվիրված էր Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին: Փառատոնը միաժամանակ անցկացվեց Ալավերդի, Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ, ինչպես նաև՝ սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքներում: «Թատերական Լոռի» 23-րդ փառատոնին Ալավերդին հյուրընկալեց թատերախմբերի Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Ճապոնիայից և Ռուսաստանի Դաշնությունից: Լոռու մարզի 5 բնակավայրերում խաղացվեց շուրջ 30 ներկայացում: «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանի խոսքով՝ «չնայած թատերախմբերի փոքր քանակին՝ փառատոնային ներկայացումների որակն այս տարի ավելի բարձր էր: Բացի այդ, փառատոնն այս տարի առանձնահատուկ էր նրանով, որ մի տեսակ փոխադարձ համագործակցության դաշտ ստեղծվեց, այսինքն պայմանավորվեցինք փոխադարձ հյուրախաղերով հանդես գալ, համատեղ բեմադրություններ անել»: Այս տարի նույնպես փառատոնի շրջանակներում անցկացվեց «Ռուսական թատրոնի օրեր» ծրագիրը, որին մասնակցեցին Հայաստանի և Ռուսաստանից ժամանած ռուսական թատրոններ: «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրի իրականացմանն աջակցել էր Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը Երևանում: «Թատերական Լոռի» միջազգային 23-րդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը մասնակից թատերախմբերը պարգևատրվեցին տարբեր մրցանակներով ու դիպլոմներով: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» պիեսի բեմադրության մեջ տղամարդու լավագույն դերակատարման համար Վլադիմիր Մսրյանի անվան մրցանակ ստացավ ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը: Իսկ կնոջ լավագույն դերակատարման համար Վերջալույս Միրիջանյանի անվան մրցանակի արժանացավ Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը՝ Կլոդ Մանյեի «Բլեզ» ներկայացման մեջ Մարիի դերը մարմնավորելու համար: Վոլոդյա Գրիգորյանի անվան մրցանակը շնորհվեց Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան Արա Սարգսյանին՝ Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա» ներկայացման մեջ որդու, պապի, առաքելի և բժշկի դերակատարումների համար: Հենց «Ցեղի ֆիզիոլոգիա» ներկայացումն էլ ճանաչվեց որպես փառատոնի լավագույն ներկայացում և արժանացավ Ալավերդու քաղաքապետի մրցանակին: Հատուկ մրցանակների արժանացան նաև ամենաեռանդուն կազմակերպիչներն ու շնորհաշատ դերակատարները: Փառատոնի գլխավոր մրցանակների արժանացան նաև ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը: Վերջինս արժանացավ նաև Լոռու մարզպետի հատուկ մրցանակին: Ռեժիսոր Լիանա Անթառանյանին հանձնվեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության «Հայրենի եզերք» մրցանակը` «Ռազմիկ» թատերական հիմնադրամի «Վանա կատու» ներկայացման համար:

 

«Թատերական Լոռի» փառատոնի հիմնադրման, կայացման ու հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ալավերդու քաղաքապետի շնորհակալագիրը հանձնվեց փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանին: Գնահատելով փառատոնը՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր խոսքում նշեց, որ «փառատոնային 10 օրերի ընթացքում Ալավերդին իրոք մշակութային օրեր ապրեց, թատերական օրեր ապրեց: Նոր ներկայացումներ, նոր հանդիսատես, նոր սերունդ: Ես վստահ եմ ու համոզված, որ նորանոր սերունդներ դեռ դաստիարակվելու են «Թատերական Լոռի» փառատոնով»: Իսկ Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը խոսեց փառատոնի որակական հատկանիշների ու հանդիսատեսի մասին. «Ամեն փառատոն, կարծում եմ, որակական հատկանիշներով, առաջընթացով տարբերվում է նախորդից: Մեր հանդիսատեսն էլ ավելի բարդ պայմաններ է դնում մեր առաջ, այսինքն` փառատոնի կազմակերպիչների առաջ: Այսօր մենք տեսանք, որ հանդիսատեսը գոհ է, այսինքն կարող ենք ասել, որ փառատոնը իր նպատակը կատարել է»: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան Ալավերդու «Լազուր» ժողգործիքների նվագախումբը, Վանաձորի «Բեռբինչինկա» անսամբլը: «Թատերական Լոռի» միջազգային 23-րդ փառատոնի կազմակերպիչներն են «Հրատ» մշակութային-հասարակական կազմակերպությունն ու Ալավերդու քաղաքապետարանը: Փառատոնի անցկացմանը աջակցել են նաև ՀՀ մշակույթի նախարարությունը, Լոռու մարզպետարանը, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը Երևանում, «Վալլեքս» ընկերությունը:

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: