Այսօր՝ 25.03.2017

Գեորգեն

Գեորգեն քաղաքը գտնվում է Ռումինիայի հունգարաբնակ Հարգիտա նահանգում, ուր մինչեւ այսօր ապրում են Տրանսիլվանիայի հայերի շառավիղները: Որպես բնակավայր, Գեորգենն առաջին անգամ հիշատակվել է 1332 թվականին: Տարբեր շրջաններում այն ընդգրկված է եղել Հունգարական թագավորության, Տրանսիլվանիայի դքսության եւ Ավստրո-հունգարական թագավորության կազմում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո այն անցել է Ռումինիային: 1940-44թթ. քաղաքը կրկին գտնվել է Հունգարիայի տիրապետության տակ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրամասի հետ միասին ընդգրկվել Ռումինիայի կազմում: 2011թ. մարդահամարի տվյալներով Գեորգենի բնակչությունը կազմում է 17.705 մարդ, որից 86.13%-ը, կամ 15.250-ը հունգարացիներ են, 11.22%-ը կամ 1988-ը` ռումինացիներ, ինչպես նաեւ մոտ 600 հայեր: Գեորգենի տնտեսության հիմնական մասը կազմում են փայտամշակումը, ատաղձագործությունը, սննդի վերամշակումը եւ ծառայությունների ոլորտը: Գեորգենի զարգացման ոլորտներից է տուրիզմը` շնորհիվ շրջակա տեսարժան վայրերի, որոնցից հատկապես հայտնի են Կարմիր կոչվող լեռնային լիճը եւ Արեւելյան Կարպատների միջով ձգվող կանյոնը: Համայնքն ունի 4 մանկապարտեզ, 7 դպրոց, 4 վարժարան եւ 1 համալսարան, թատրոն, թանգարան, գրադարան, մշակույթի կենտրոն, հիվանդանոց եւ հաշմանդամների կենտրոն, 1 հեռուստաընկերություն, 2 ռադիոկայան եւ 2 թերթ: Գեորգենի ամենահայտնի պատմական հուշարձանը տեղի Սուրբ Աստվածածին հայոց կաթոլիկ եկեղեցին է (1733թ.): Հայերը Գեորգենում հաստատվել են 17-րդ դարի վերջերին եւ առեւտրով ու արհեստներով մեծապես նպաստել քաղաքի եւ շրջակայքի զարգացմանը: Ժամանակին հայրեն ունեցել են իրենց ներքին ազգային եւ կրթական հաստատությունները, համքարությունները: Այսօր Գեորգենում գործում է Տրանսիլվանահայերի չորս կաթոլիկ ծխերից մեկը եւ տեղի հայերի միությունը: Գեորգենի քաղաքապետի պաշտոնում 2012թ. վերընտրվել է Յանոշ ՄԵԶԵՅԸ: Քաղաքի կառավարման տակ են գտնվում նաեւ շրջակա չորս գյուղերը:

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: