Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 18-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2024 թվականի N 18-Ա

«ԳԵՎՈՐԳՅԱՆ ԵՎ ՆԵՐՍԻՍՅԱՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ Ե. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՋՐԱՎԱԶԱՆ ՓՈՂՈՑ, 7/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՍԾ-Ի ԱԼԱՎԵՐԴԻ ՏԿ-Ի ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու նիստում քննարկման է դրվել Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Ջրավազան 7/1 հասցեում ՄՍԾ-ի Ալավերդի ՏԿ-ի շենքի կառուցման շինարարություն իրականացնող կազմակերպությանը՝ «ԳԵՎՈՐԳՅԱՆ ԵՎ ՆԵՐՍԻՍՅԱՆ» ՍՊ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն), 2019 թվականի ապրիլի 08-ին տրված թիվ 09 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու հանգամանքով պայմանավորված, վարչական տույժի ենթարկելու հիմքերի առկայության հարցը, որի քննարկման համար հիմք է հանդիսացել Ընկերության կողմից շին. աշխատանքների կատարման ժամկետը խախտելու վերաբերյալ 01.02.2024թ. դիմում-հիմնավորումը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի կողմից լիազորված անձ՝ «ՀայԳյուղՇինՆախագիծ» ՍՊ ընկերության կողմից 19.01.2024թ. N ՎՀ-05 դիմումը շին. թույլտվության ժամկետը երկարաձգելու մասին: Ընկերությունը 2024 թվականի փետրվարի 1-ին դիմել է Ալավերդի համայնքի ղեկավարին` խնդրելով երկարաձգել վերոնշյալ շինարարության թույլտվության ժամկետը մինչև 01.06.2024թվականը: Դիմումով ներկայացվել է բացատրություն-հիմնավորում, որով ներկայացվել են շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետն Ընկերության կողմից պահպանվելու անհնարինության և ժամկետը չպահպանելու պատճառների հարգելիության մասին Ընկերության փաստարկները և հիմնավորումները: Իր հիմնավորման մեջ Ընկերության տնօրենը վկայակոչել է, որ ՄՍԾ-ի Ալավերդի ՏԿ-ի շենքի կառուցման աշխատանքները ձեռք է բերվել 06.02.2020թ. կնքված SPAP II W-1.1.1/1.TC պայմանագրով, որով սահմանված ժամկետները խախտվել են անկախ իր մեղքից՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում նորկորոնավիրուսայինհիվանդության տարածման լրջագույն վտանգով: ՀՀ Կառավարության 16 մարտի 2020 թվականի N 298-Ն որոշմամբ, 2020 թվականի մարտի 16-ից մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը հայտարարված է եղել արտակարգ դրություն, որից հետո համաճարակային իրավիճակը շարունակել է մնալ լարված, հիվանդությունը ստացել է լայնածավալ տարածում, և երկրում առաջացել է համաճարակ, այնուհետև ՀՀ կառավարության 11 սեպտեմբերի 2020 թվականի N 1514-Ն որոշմամբ, 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը սահմանվել է կարանտին: Նշված հանգամանքներով պայմանավորված՝ շուրջ 2 տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունում սահմանված են եղել տեղաշարժվելու և տնտեսական գործունեություն իրականացնելու ազատությունների էական սահմանափակումներ, որոնք էապես խոչընդոտել են մինչ այդ իրավական ռեժիմների առաջացումը պլանավորված շինարարության իրականացումն ու ավարտը այն ժամկետներում, որոնք ի սկզբանե պլանավորվել են ու համարվել իրատեսական: Ընկերության տնօրենը վկայակոչել է նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմը և դրանով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում ՀՀ Կառավարությաքն 27 սեպտեմբերի 2020 թվականի N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրությունն ու զորահավաքը, որոնք ևս էապես վնասել են իրականացվող շինարարության իրականացմանը և ոչ պակաս խոչընդոտներ են առաջացրել շինարարության համար, ընդ որում՝ խոչընդոտները պատերազմի ավարտով չեն ավարտվել և շարունակվել են նաև հետպատերազմական շրջանում` առնվազն մինչև 2021 թվականի հուլիս ամիսը, այսինքն՝ ներառել են նաև երկրորդ շինարարական սեզոնի զգալի մասը: Փաստորեն, Ընկերությունը տնօրենի պնդմամբ, գրեթե ամբողջությամբ զրկվել է պլանավորված շինարարության ժամկետում ներառված երկու սեզոններից մեկում շինարարություն իրականացնելու հնարավորությունից, ինչը և անհնարին է դարձրել շինարարության ավարտը նախապես պլանավորված ժամկետներում։ Այսպիսով, Ընկերության դիրքորոշումն այն է, որ շինարարության թույլտվությամբ սահմանված 24-ամսյա ժամկետից ավելի քան 15 ամսվա ընթացքում Ընկերությունը փաստացի զրկված է եղել շինարարությունը լիարժեք ծավալներով իրականացնելու հնարավորությունից, ինչը պայմանավորված է եղել Ընկերության մեղքից անկախ առաջացած հանգամանքներով, Ընկերության բնորոշմամբ՝ ֆորս-մաժորային իրավիճակով, որը ներառել է շինարարության թույլտվության ժամկետում ներառված ամենաբարենպաստ ժամանակահատվածի մեծ մասը և այդպիսով անհնարին է դարձրել շինարարության ավարտն այն ժամկետում, որը նշված է շինարարության թույլտվության մեջ: Վերոգրյալի հաշվառմամբ Ընկերությունը խնդրել է հաստատված համարել, որ տեղի ունեցած ժամկետի չպահպանման մեջ բացակայում է Ընկերության մեղքը և այդ հիմքով զերծ մնալ Ընկերության նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելուց: Շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը չպահպանելու համար իրավական պատասխանատվություն է սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1 հոդվածով, այսինքն՝ տվյալ արարքը դասակարգված է որպես վարչական զանցանք, ուստի դրա առկայությունը պարզելու և վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը քննարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել, թե անձի գործողություններում առկա՞ է արդյոք նրա մեղքը, որը հանդիսանում է զանցանքի առկայության և պատժելիության առանցքային նախապայման: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներից մեկով արձանագրել է, որ վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է , որվարչականտույժը (պատասխանատվությունը) կարողէկիրառվելմիայնվարչականիրավախախտումկատարելումեջմեղավորանձինկատմամբ: Հետևաբար՝ մեղքը, որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ ՍԴՈ-920 որոշումը): ՀՀ սահմանադրական դատարանն այլ դեպքում անդրադառնալով վարչական իրավախախտման սուբյեկտի մոտ մեղքի հնարավոր տարատեսակներին ու դրանց բովանդակությանը` արձանագրել է, որ սուբյեկտը մի դեպքում` դիտավորությամբ, մեկ այլ դեպքում՝ անզգուշությամբ զանցանք կատարելիս գիտակցում է», «կանխատեսում է» իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը (տե՛ս՝ ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ ՍԴՈ-1048 որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը, կրկին անդրադառնալով իրավական պատասխանատվության միջոցների իրավաչափությանը, ոչ իրավաչափ է համարել անձի կողմից բացասական հետևանքների կրումը` իր մեղքից անկախ պատճառով: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը զարգացրել է ՍԴՈ-920 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը ձևակերպել, որ պատասխանատվության հանրային-իրավական սկզբունքների, այդ թվում՝ մեղքի առկայությունն անհրաժեշտ է ոչ միայն վարչական, այլև, ընդհանրապես, իրավական պատասխանատվության ցանկացած միջոցի կիրառման համար (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի հունիսի 03-ի թիվ ՍԴՈ-1153 որոշումը): Անդրադառնալով «անհաղթահարելի ուժ» եզրույթին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը ենթակա չէ պատասխանատվության միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետ և անքով (տե՛ս «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Լանդրաս» ՍՊԸ-ի թիվ ԵՔԴ/0595/04/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը): Այսպիսով, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների վերոնշյալ իրավական դիրքորոշումների և վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը վկայում է, որ իրավական պատասխանատվության ցանկացած միջոցի, ներառյալ՝ վարչական տույժի կիրառումը, հնարավոր և թույլատրելի է բացառապես այն դեպքում, երբ ենթադրյալ իրավախախտումը թույլ է տրվել համապատասխան սուբյեկտի մեղքով: Իսկ անհաղթահարելի ուժի, այսինքն՝ տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով պարտականությունների պատշաճ կատարման անհնարինության ապացույցը բացառում է մեղքի (դիտավորյալ կամ անզգույշ) առկայությունը: Տվյալ դեպքում, քննարկելով Ընկերության դիմումը, լսելով Ընկերության փաստարկները և հիմնավորումները անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով շինարարության իրականացման ժամկետի խախտման վերաբերյալ, հիմք ընդունելով վերոնշյալ իրավանորմերը և Սահմանադրական դատարանի մեկնաբանությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ քաղաքաիական օրենսգրքի 417-րդ հոդվածով՝

համայնքի ավագանին որոշում է.

1. «ԳԵՎՈՐԳՅԱՆ ԵՎ ՆԵՐՍԻՍՅԱՆ» ՍՊ ընկերության կողմից Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Ջրավազան 7/1 հասցեում 2019թ.ապրիլի 08-իթիվ 09 շինարարության թույլտվության հիման վրա իրականացվող ՄՍԾ-ի Ալավերդի ՏԿ-ի շենքի կառուցման շինարարությունը սահմանված ժամկետում չավարտելու պատճառները համարել հարգելի՝ պայմանավորված անհաղթահարելի ուժի առկայությամբ և դրանով իսկ հաստատված համարել, որ ընկերության մեղքը ստեղծված իրավիճակում բացակայում է։
2. Առաջարկությամբ դիմել Ալավերդի համայնքի ղեկավարին և ողջ աշխատակազմին՝ առաջարկելով զերծ մնալ «ԳԵՎՈՐԳՅԱՆ ԵՎ ՆԵՐՍԻՍՅԱՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1 հոդվածի հատկանիշներով վարույթ հարուցելուց և ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելուց։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։


Կողմ -14

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.15 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner